Քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, ոչ մի բան գաղտնի չի մնում, և ամեն ինչ, վաղ թե ուշ, բացահայտվում է։ Ահա հիմա էլ Ռուսաստանի նախագահի Խարկով կատարած կարճատև այցից և այնտեղ «պատմական փաստաթղթերի» ստորագրումից հետո բոլորին պարզ դարձավ հանրահայտ, բայց «Մոսկվայի պաշտպանների» կողմից հերքվող փաստը` Ռուսաստանի համար գազի արտահանումը եղել և մնում է հետխորհրդային տարածքում քաղաքական ազդեցության և ճնշման փորձարկված միջոց։ Պարզապես այս անգամ Կրեմլն առաջին անգամ հրապարակայնորեն ընդունեց այդ վաղեմի ճշմարտությունը, և գների անկման ու «էներգահիվանդությունից» Եվրոպայի աստիճանական ազատման պայմաններում հաջողությամբ «գազաձիու քայլ» արեց։
Ի՞նչ է պարունակում այդ լայն «փոխզիջումների ծրարը»։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է։ Ռուսաստանի սևծովյան նավատորմը 2017-ից հետո էլ կմնա ՈՒկրաինայի տարածքում` 25 տարի ժամկետով, հետագայում ևս 5 տարով երկարացնելու իրավունքով։ Իսկ ուկրաինացիները, իրենց հերթին, կստանան գազի գների զեղչ և 1000 խմ-ի դիմաց, ներկայիս 330 դոլարի փոխարեն, կվճարեն 100 դոլարով պակաս։ Մեդվեդևը հայտարարել է, որ այդ զեղչը փոխհատուցվում է բազայի վարձավճարով, ընդ որում, ընդգծել է, որ այդ կապը «քաղաքական չէ», այլ «տեխնիկական», սակայն այդ հարցերն «ուղղակիորեն և աներկմտորեն պայմանագրում միավորված են»։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի Պետդուման և ՈՒկրաինայի Գերագույն ռադան պետք է միաժամանակ վավերացնեն համաձայնագիրը։ Արդյունավետ քվեարկության համար ՈՒկրաինայում անհրաժեշտ է 226 ձայն, այսօր նախագահամետ կոալիցիան խորհրդարանում ունի 241 ձայն։ Այսինքն, կարծես թե խնդիր չկա և «փոխշահավետ գործընկերությունը» ապահովված է։ Այդուամենայնիվ, «իրավիճակի ամրա-պնդման» համար անհրաժեշտ էր ծանր հրետանի, և Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն ու հապճեպ ՈՒկրաինա այցելեց քվեարկությունից մեկ օր առաջ։ Այսինքն, պետք է ենթադրել, որ ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան թվում է։
Ցավոք, «գումարած 25 հանած 30» գործարքի շատ նրբություններ առայժմ հայտնի չեն, այնպես որ հարկ է դատողություն անել հենց «նավատորմի բազան` գազի գների իջեցման փոխարեն» բանաձևի մասին, որը, ինքնըստինքյան, շատ տարօրինակ տեսք ունի։ Նախ, պարզվում է, որ իրավաբանական տեսակետից այն ոչ միայն պարզապես կոռեկտ չէ, այլև կասկածելի է ու վնասակար։ Ինչպես հայտնի է, ՈՒկրաինայի Սահմանադրության հիմնական տեքստում ամրագրված է երկրի արտադաշինքային կարգավիճակը, իսկ Սևծովյան նավատորմի ժամանակավոր հանգրվանումը, կոնկրետ ժամկետներով, արձանագրված է անցումային դրույթներում։ Ցանկացած երկարաձգում հիմնական օրենքի փոփոխություններ է պահանջում, հետևաբար և Ղրիմում Սևծովյան նավատորմի հանգրվանման ժամկետի համապատասխան երկարացումն անհնար է առանց Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և համաուկրաինական քվեարկություն անցկացնելու։ Ընդ որում, անգամ Սահմանադրության անցումային դրույթների մեջ փոփոխություններ մտցնելու համար (ավելի մեղմ ձև, որին մտադիր են դիմել իշխանությունները) պահանջվում է հաստատում` Ռադայում ձայների սահմանադրական մեծամասնությամբ։ Այսպիսով, թեև Յանուկովիչն ու նրա կողմնակիցները համոզում են, թե սա հին, միայն երկարացված պայմանագիրն է, այդուամենայնիվ, դրա իրավաբանական բաղկացուցիչը շատ հեղհեղուկ է։ Այն արդեն հիմքեր է տվել հայտարարելու, թե «խարկովյան փոխհամաձայնությունը Սահմանադրության աղաղակող խախտում է», և որ ՈՒկրաինայի նախագահը, «հպանցիկ լուծելով ընթացիկ տնտեսական խնդիրներ, ոտնակոխ է արել երկրի Սահմանադրությունը», որի երաշխավորն է ինքը։
Այնուհետև։ Նախագահ Յանուկովիչն ուրախությամբ հայտարարել է, որ առաջիկա տասը տարում այդ «զիջումը» կբերի 40 մլրդ դոլարի օգուտ։ Շատ հետաքրքիր է, բայց միաժամանակ «Գազարդի» ղեկավար Միլլերը պակաս բավարարված չէ, արձանագրելով, որ իր կազմակերպությունը տվյալ պայմանավորվածությունների արդյունքում չի տուժի։ Եվ այստեղ բնական հարց է ծագում` «բա միջոցները որտեղի՞ց»։ Պարզվում է` ռուսական բյուջեից։ Հանճարեղ մտահղացման էությունը պարզ ու հասարակ է` «Գազարդի» հասույթի բնական նվազումը կհատուցվի նրանով, որ գազն արտահանելիս չի գանձվի պետական գանձարան գնացող մաքսատուրքը։ Այսինքն, պակաս կստանա ռուսական բյուջեն, իսկ «Գազարդը» կմնա իր շահերի տերը։ Ավելին, այս իրավիճակում մենաշնորհատերը կկարողանա ՈՒկրաինային նախկինից ավելի շատ գազ վաճառել, ուրեմն և նրա հասույթն էլ մեծ կլինի։ Կիևն արդեն խոստացել է մեծացնել գազի ներմուծման ծավալները, իսկ դա պահանջարկի անկման և «Ռուսաստանի ազգային հարստության» երերացող դիրքի պայմաններում ծայրաստիճան կարևոր է։ Դատելով ըստ ամենայնի, այդ իրավիճակը պակաս կարևոր չէ նաև Ռուսաստանի ղեկավարության համար, եթե նա պատրաստ է բյուջեի արդեն առկա դեֆիցիտի պայմաններում էլի էապես մեծացնելու այդ դեֆիցիտը։
Էլի մեկ շատ հատկանշական հանգամանք։ Բոլոր, այդ թվում նաև` ռուս փորձագետների, հայտարարությունների համաձայն, այժմ Սևծովյան նավատորմն «ավելի շուտ մարտական փառքի` դժվարությամբ ջրի երեսին մնացող լողացող թանգարան է, քան արդյունավետ ռազմական ստորաբաժանում»։ Իսկ այ թե ինչի այն կվերածվի երեսուն տարի հետո, անգամ պատկերացնելն է դժվար։ Չէ որ, ըստ ներկա համաձայնագրի, նավատորմի լողակազմի և տեխնիկայի նորացման հնարավորություն չկա, իսկ նոր փաստաթուղթը (ծայրաստիճան կարևոր հանգամանք) նախորդ պայմանավորվածությունների մեջ ոչինչ չի փոխում։ Այսինքն, առաջին հայացքից Մեդվեդևի ու Յանուկովիչի ինքնագրերը ստորագրություններ են մետաղաջարդոնի կույտի վրա։ Բացի այդ, Ռուսաստանն այժմ շատ ակտիվորեն թանկարժեք ռազմածովային բազաներ է կառուցում Նովոռոսիյսկում և Աբխազիայում։ Սակայն, այդ ամենով հանդերձ, ՌԴ նախագահը պարզաբանել է, որ համաձայնագրով «վարձավճարի դրույքաչափը կմեծանա հենց այդ զեղչի չափով»։ Այսինքն, եթե Ռուսաստանն այժմ ՈՒկրաինային տարեկան, պարտքերի վերահաշվարկով, վճարում է մոտ 90 մլն դոլար, ապա նոր գազային գործարքի դեպքում, փաստորեն, վարձակալության արժեքը կհասնի մոտ 1,25 մլրդ դոլարի (40 մլրդ-ը բաժանած 32 տարվա)։ Գինը միանգամայն աներևակայելի է, իսկ բազան, համապատասխանաբար, դառնում է ոչ թե «ժանգոտ», այլ «ոսկեձույլ»։ Ի՞նչն է այդ «եղբայրական փոխզիջման» պատճառը։ Վստահորեն կարելի է ասել, որ Մոսկվայում փող հաշվել գիտեն, իսկ այսպիսի, առաջին հայացքից, տարօրինակ զիջումները վկայում են սոսկ այն մասին, որ Կրեմլին նավատորմը պետք է Սևաստոպոլում որպես քաղաքական և խորհրդանշական գործոն։ Չէ՞ որ, ըստ էության, Կրեմլի ռազմավարները ոչ թե բազա են գնել, այլ մի կտոր ուրիշի երկիր։ Ղրիմում Սևծովյան նավատորմի գտնվելու ժամկետի երկարացումը խորհրդանշում է ՈՒկրաինայի վերադարձը Ռուսաստանի ազդեցության գոտի և, ինչն ավելի կարևոր է, նշանակում է, որ Ռուսաստանը պարզապես չի կարող չունենալ «ազդեցության ոլորտներ» նախկին խորհրդային հանրապետություններում։ Եվ դա արվում է հետխորհրդային երկրներում ժողովրդավարության և անկախության արևմտյան ջատագովների լռելյայն համաձայնությամբ (համենայն դեպս` այսօրվա դրությամբ)։
Սակայն անկախ պետությունների ապագան կամայականորեն ներկայացնողների ուշադրությունը հրավիրենք հետևյալ խիստ կարևոր հանգամանքի վրա։ Ղրղզստանում և Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են, որ եթե Մոսկվայում կամ Վաշինգտոնում, առանց կասկածի կամ ներքին իրողությունների հանդեպ որևէ վերապահության նշույլի, ինչ-որ բան «ենթադրում» են, ապա դա ոչ միշտ է դառնում «վերին ճշմարտություն»։ Իրադարձությունները կարող են ծավալվել իրենց անկանխատեսելի տրամաբանությամբ և ոչնչացնել ամեն տեսակի սցենար ու ծրագիր։ Տվյալ դեպքում կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը նորից է շտապել, առավել ևս, որ նրա դրածո Յանուկովիչը նոր էր երկրի նախագահ դարձել, չի պատրաստվում պաշտոնանկ լինել, ընդդիմությունը բարոյալքված էր և դեռ անկազմակերպ, իսկ հոգնած ժողովուրդը լիովին ինքնամեկուսացվել էր։
Այսօր արդեն ակնհայտ է, որ քաղաքական պատկերն ՈՒկրաինայում սկսել է փոխվել տիեզերական արագությամբ, ավելին, այն դժվարությամբ է կանխատեսության ենթարկվում։ Այսպես, արդեն խոսվում է «ազգային դավաճանության» մասին, այն մասին, որ «համաձայնագիր ստորագրելով Ռուսաստանի հետ` Յանուկովիչը պարտքերն է վճարում օլիգարխներին», որ այդ զեղչը չի հանգեցնի ապրանքների գների իջեցման, այդ թվում նաև` լայն սպառման, այլ կնշանակի միայն «տարածաշրջանային հովանավորների` օֆշորային գոտիներ կատարվող փոխանցումների աճ»։ Եվ սա ՈՒկրաինայում արդեն ոչ ոքի անտարբեր չի թողնում։
Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ, և գլխավորը` ի՞նչ նպատակով Կրեմլն այդքան արագ (մինչև 2017 թվականը դեռ շատ ժամանակ կա) որոշեց «վնասել» իր խնամարկյալին։ Չէ՞ որ Յանուկովիչն ընդամենը վերջերս և մեծ դժվարությամբ էր սկսել ձերբազատվել 2004 թ. ընտրություններում Ռուսաստանի անհաջող աջակցության և իր պարտության հետևանքներից և աներևակայելի ջանքեր գործադրել ապացուցելու, որ ինքնուրույն քաղաքական գործիչ է, որ ոչ մի վտանգ չի ներկայացնում սեփական երկրի համար, որ չի պատրաստվում նրա համար ոչ ձեռնտու որևէ գործարքի գնալ Մոսկվայի հետ։ Իհարկե, «նարնջագույն» ընտրախավին նա չի կարող ոչինչ համոզել. այդպիսի ընտրողների համար այն, ինչ անում է Յանուկովիչը, դավաճանություն է, բայց կար նաև ընտրախավի տատանվող մաս, որը, ի դեմս Յանուկովիչի, տեսնում էր «խստապահանջ պրոֆեսիոնալի», և հույս կար, որ նրան, այնուամենայնիվ, կհաջողվի գոնե այդ ժամանակամիջոցում լավ թե վատ դառնալ ամբողջ ՈՒկրաինայի նախագահ։ Իսկ հիմա շատերը սկսել են պնդել, թե «նախագահությունն ու աշխարհաքաղաքականությունը նրա ուժից վեր են», որ եթե նա «դավաճան» չէ, ուրեմն «թույլի մեկն» է։ Առավել ևս, որ ինքը` Յանուկովիչն էլ, անկեղծանալով, փաստորեն, ընդունել է, որ ռուսները Խարկովում հաջողությամբ աշխատել են իր օգտին, իսկ ուկրաինական կողմը հնարավորություն չի ունեցել դրա դեմն առնելու։ Նրա ասելով, ամենանշանակալի կետը, որ իրեն հաջողվել է պաշտպանել, ՈՒկրաինայի մայր գազամուղների պահպանումն է որպես պետական սեփականություն, ինչը քչերին է մխիթարել։
ՈՒկրաինական ընդդիմությունը նույնպես անսպասելի նվեր է ստացել ստորագրությունների հեղինակներից։ Նրանք առանց կասկածի ստվերի հայտարարել են, որ նախագահը «ռազմավարական գործընկերության» մակարդակից միանգամից անցել է «ռազմավարական ճորտության» մակարդակի, որ իրենց ձեռնտու չէ «էժան գազի դիմաց` ինքնորոշում և անկախություն» բանաձևը, որ իրենք մտադիր են վերականգնել Սահմանադրության պահպանումը և պահանջում են իմպիչմենտ։ Ավելին, տեղի է ունեցել այն, ինչը մինչ վերջերս թվում էր անհնարին` ուկրաինական ընդդիմությունը սկսել է միավորվել։ Արդեն անցկացվում են համատեղ գործողություններ, այժմ մշակվում է գործողությունների ռազմավարությունը, ստեղծվում «ազգային փրկության» ճակատ, շարժում է նկատվում երկրի արևմուտքում և կենտրոնում։ Ընդդիմությունը հայտարարում է` «Մենք կողմնակի հայեցողի նման չենք հետևի, թե ինչպես են փորձում վերացնել պետությունը, ինչպես է ցինիկորեն ոտնատակ տրվում Սահմանադրությունը»։ ՈՒ թեև, շատ հնարավոր է, նախագահական մեծամասնությանը, այնուամենայնիվ, կհաջողվի Ռադայում անցկացնել պայմանագրի վավերացումը, դա կարող է ձգան դառնալ լուրջ հուզումների համար։ Ավելին, ամեն դեպքում, անգամ եթե այժմ ոչինչ տեղի չունենա, ընդդիմության ռևանշը կարող է շատ ավելի շուտ տեղի ունենալ, քան թվում է. արդեն 2012-ին ընդդիմությունը կարող է հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում։
Սակայն, ինչն ավելի վտանգավոր է, իսկ հիմա նաև իրական, կարող է սկսվել երկրի մասնատումը։ Թեև Խարկովում արդեն գործի է դրվել եղբայրական սլավոնական ժողովուրդների, թիկունքի զգացողության մասին հռետորաբանությունը, ամեն ինչ այնքան էլ հուսադրող չէ։ Պայմանավորվածությունները, հավանաբար, բնավ հաշվի չեն առնում, որ Յանուկովիչը ներկայացնում է ՈՒկրաինայի կեսը միայն։ Գործարքի գաղափարական ֆոնը այն ենթադրությունն է, որ ՈՒկրաինան, իրոք, այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է Յանուկովիչի ճառերում, և որ նա լիովին վերահսկում է իրավիճակը թե՛ երկրի արևելքում, թե՛ արևմուտքում։ Իսկ դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ։ Օրինակ, անգամ չափավոր մտավորականության շրջանում սկսել են խոսել այն մասին, թե Արևելյան ՈՒկրաինան պետության համար ծանր բեռ է, որը կարող է ջրասույզ անել ամբողջ երկիրը, իսկ առանց նրա երկիրը բոլոր հնարավորությունները կստանա եվրոպական ժողովրդավարական պետություն կառուցելու և արագորեն Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Կարելի է կարծել, որ Կրեմլում սա ոչ միայն հասկանում են, այլև դավադրաբար պլանավորում են և գործընթացն ուղղում դեպի պառակտում։ Սակայն, երբ հաշվի ես առնում ուկրաինացիների մտածելակերպը, նրանց պատմությունն ու ներկա տրամադրությունները, այս ամենից մեծ արյան հոտ է գալիս։ Իսկ այստեղ ոչ ոք չի շահի` ո՛չ Եվրոպայում, ո՛չ Ռուսաստանում։ Սա ամենամռայլ կանխատեսումն է։ Սակայն, որպես փաստ, կարելի է հայտարարել` Ռուսաստանի հետ հարաբերությունների ճոճանակն արդեն հասել է արևելյան վտանգավոր կետին, և հիմա, շատ հավանական է, այն կարող է վերստին անցնել մյուս` հակադիր կողմը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ